Tuesday, July 21, 2009

Խաղաղ երեկո

Արևն արդեն մայր է մտնում, իսկ լուսինը համառում է դուրս գալ: Լուսի՞նն է համառում, թե՞ ամպերը չեն ուզում ճանապարհ տալ, չգիտե՛մ: Երևի ամպերն էին պատճառը և երևի հենց դրա համար էլ, երբ լուսինը վերջապես դուրս եկավ, նրանք սկսեցին լաց լինել: Հանդարտ ու մեղմ են լալիս ամպերը: Օրը կամաց-կամաց թեքվում է: Քաղաքի վրա իր թևերն է փռում մթնշաղը նրբակերտ, և լուսնի եղջյուրից ասես ծնվում է այնքա՜ն հեռավոր ու այնքա՜ն հարազատ, այնպես պարզ ու այնպես անմեկնելի բեթհովենյան` լուսնի լույսով ցողված մեղեդին, պարուրում մեզ անհասկանալի թախիծով, լցնում մեր սրտերը տերյանական տրամադրությամբ. ‹‹…Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ…
Որ ողջ կյանքդ է մի անսահման քաղցր նինջ… ››:
‹‹Լուսնի սոնատը››… Իմ խաղաղ երեկոների մշտական ուղեկիցը: Իսկ ինչպե՞ս ծնվեցիր դու` հոգեզմայլ, սրտամոտ. չէ՞ որ միայն լուսնի գունատ փայլը բավական չէ արարման համար: Դու ծնվեցիր մի խաղաղ երեկո` տառապանքից, թախծից: Քո խորհրդավոր մեղմության մեջ այնքան պոռթկում ունես և այնպես ես մտել էությանս մեջ, որ թվում է` աշխարհ ես եկել ինձ հետ, ինձ հետ մեծանում ես, հասունանում, ինձ հետ յուրովի ընկալում այս բարդ ու բազմաբովանդակ կյանքը:

1 comment: