Tuesday, July 21, 2009

Հրաժեշտի ծաղիկներ

Գարունն արդեն մտել էր իր իրավունքների մեջ: Գարուն էր, մի վաղ գարուն: Հեռու սարերի կատարները դեռ չէին ազատվել ձյան սպիտակ ծածկոցից, բայց քաղաքում արդեն զգացվում էր գարնան շունչը: Մայթերն արդեն կանաչին էին տալիս, ծառերն արդեն փաթաթվել էին նուրբ շղարշով: Գարունը նոր ավյունով էր լցրել մարդկանց սրտերը, արթնացել էին կարոտները, սպասումները, հուշերը: Եվ այդ արթնացած հուշերն էին, որ այսօր հանգիստ չէին տալիս Լուսինեին: Մեղավորը պատուհանի տակով անցնող այն ուրախ զույգն էր, ու աղջկա ձեռքի կարմիր վարդերը: Արդեն քանի տարի է` նա չի կարողանում անտարբեր անցնել այդ ծաղիկների կողքով: Ու նա մի թաքուն վախ էլ ունի. չլինի՞ այդ աղջկան էլ մի օր այդպիսի դառը հուշեր պատեն: Ամբողջ օրը Լուսինեի մտքում այն անծանոթ աղջիկն էր, որը նույնպես անհոգ էր ժպտում:
Տարիներ առաջ ինքն էլ այդպես անհոգ ժպտալ գիտեր, բայց ո՞վ գողացավ նրա պայծառ ժպիտը: Գուցե այն նոր բացվող գարունը վերադարձնե՞ր այն: Լուսինեն չէր հավատում իր մտքերին:
Սենյակում կիսախավար էր: Նա դիտմամբ չէր վառում լույսը, որ չցրվեն իր մտքերը: Սենյակի վարակիչ լռության մեջ հոգին անձնատուր եղավ դառը հուշերին:
Միշտ միասին էին: Միասին ավարտեցին միջնակարգը: Որոշեցին միասին ուսումը շարունակել համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Արթուրն ընդունվեց համալսարան, Լուսինեին` չհաջողվեց: Շուտ-շուտ հանդիպում էին: Ունեին իրենց սիրած այգին, սիրած նստարանը:
Սիրո խոստովանություն այդպես էլ չեղավ, բայց սիրեցին իրար: Ավելի ճիշտ չգիտեին էլ, թե երբվանից են սիրում: Առանց Արթուրի Լուսինեն չէր պատկերացնում իր կյանքը:
Արթուրը սովորում էր, և նրան ավելի շատ ժամանակ էր պետք դասերի համար… Ու կամաց-կամաց կրճատվեցին նրանց հանդիպումները: Լուսինեն չէր դժգոհում: նա հավատում էր, որ Արթուրին ավելի շատ ժամանակ էր պետք դասերի համար: Միայն կարոտում էր ու ամեն անգամ հանդիպման գնում սրտի նոր թրթիռով: Նրա այդ խենթացած սերն էլ թույլ չտվեց զգալու Արթուրի սրտի սառնությունը:
Այդ օրն էլ էր նա գնում հանդիպելու կարոտած սրտով, բայց Արթուրին գտավ մռայլ դեմքով: Արթուրը կարծես շտապում էր` նորից պատճառ բռնելով դասերը: Դանդաղ քայլերով դուրս եկան զբոսայգուց: Անցնում էին ծաղկավաճառների մոտով: Արթուրը, զգալով ծաղիկների վրա գամված Լուսինեի հայացքը, նրա համար գնեց կարմիր վարդեր:
Շուտ բաժանվեցին: Լուսինեն տուն դարձավ մտազբաղ: Առաջին անգամ էր, որ Արթուրի նվիրած ծաղիկները նրան չէին ուրախացնում: Բայց նա գորովանքով տեղադրեց ծաղկամանի մեջ. երևի նախազգում էր, որ դրանք իրենց հրաժեշտի ծաղիկներն էին, և որ տարիներ հետո որպես մի սուրբ մասունք այդ չորացած ծաղկի թերթերը, որ պահում էր սիրած գքի մեջ, այրելու էին մատները:
Լուսինեն կարծում էր, թե տարիների ընթացքում կարող էր սրտում խեղդել այդ զգացմունքը. նույնիսկ թվում էր, թե մոռացել է…

No comments:

Post a Comment