Շատ եմ սիրում ներխուժել մարդկային հոգիներն առանց թակելու: Թերևս կասեք, որ դա ամենատհաճ երևույթն է, երբ գալիս են առանց նախազգուշացման, մտնում են հոգիդ, խառնում ներաշխարհդ և հետո փիլիսոփայորեն մեկնաբանում այս կամ այն իրողությունը. համամիտ եմ: Բայց քանի դեռ մեր հարաբերությունները չեն վատացել, փորձեմ պարզություն մտցնել իմ արարքների մեջ: Մարդկային հոգիները պեղելու և շատ հարցերի պատասխաններ գտնելու իմ ձգտումը նման չէ մոլուցքի: Սա ինքնանպատակ հետապնդում չէ, այլ ուղղակի մանկուց ինձ հետաքրքրել է այն հարցը, թե մարդիկ ինչպես են կարողանում առաջ շարժվել, երբ բոլոր կամուրջներն արդեն այրված են: Կամ թե ինչպես է մարդ կարողանում սխալվել, և այդ սխալի մեջ ապագա ճշմարտության ծիլերը տեսնել. զարմանում եմ: Բայց փաստը մնում է փաստ, որ ամեն անհնարինը դառնում է հնարավոր, երբ լարում ես ուժերդ ու հավատում ես արդյունքի գոհացման բերկրանքին:
Գոյություն ունի մարդկային մի կերպար, որն անընդհատ դժգոհ է իրականությունից, շրջապատից, տիրող բարքերից և ամեն ինչից:
Ես զարմանքով, խղճի խայթով ու մի փոքր զզվանքով եմ նայում այդ մարդուկին, որը չի տեսնում բնության հրաշքները, շրջապատող գեղեցկությունը: Պատճառն այն է, որ ունի որոշակի խնդիրներ, սակայն չունի մաքառելու անկոտրում կամք: Նա շարունակում է դժգոհել, իսկ ես նրան ասում եմ.
-Դու երբեք դժգոհելու իրավունք չունես, երջանի՛կ անհատ, որովհետև դու ժպտալ գիտես:
Նա զարմանքից կլորացնում է աչքերը և կշտամբանքով պատասխանում.
-Ինչի՞ս է պետք այդ ժպիտը, եթե գրպանումս միայն կոպեկներ են զնգզնգում:
Անսքող տհաճությամբ ավելացնում եմ ու հեռանում.
-Իսկ ես չեմ կասկածում. ‹‹ Ունեցածդ կգնահատես կորցնելուց հետո միայն… ››:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment