Tuesday, July 21, 2009

Ու՞ր են տանում գնացքները

Այսօր որոշել եմ մի փոքր աննպատակ քայլել ու հանգստանալ: Կառավարումս ամբողջապես հանձնել եմ ոտքերիս: Դարձել եմ խելոք և հպատակվող: Ինչ-որ չգրված օրենքով ոտքերս ինձ առաջնորդում են դեպի մի վայր, որտեղ վաղուց է, ինչ չեմ եղել: Ես արդեն մետրոյում եմ, և հեռվից լսվում է գնացքների խուլ դղրդյունը: Այդ տհաճ և սարսռազդու ձայները այսօր ինձ դարձել են սիրելի և հաճելի: Հպատակվում եմ հաջորդ հրամանին և մտնում եմ գնացք: Սկզբում ինձ թվաց, թե ես օտարացել եմ նրան, իսկ նա` ինձ: Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ իմ առաջին տպավորությունն ինձ դավաճանեց: Քիչ անց ես ինձ արդեն տանտիրոջ դերում էի պատկերացնում: Ընկել էի երազանքների գիրկը, երբ լսվեց մի ծանոթ ձայն.
-Հաջորդ կայարանը` ‹‹Մարշալ Բաղրամյան››: Հանկարծ հիշեցի, որ մանկությանս տարիներին դա իմ սիրելի կայարանն էր, և միշտ ես փորձում էի համոզել ծնողներիս իջնել այդտեղ: Այս անգամ էլ էի ցանկանում իջնել, բայց հիշեցի, որ իմ թախանձանքները միշտ նույն պատասխանն էին ստանում.
-Իջնենք, սիրելի՛ս, բայց ու՞ր գնանք, մեր ճանապարհն ուրիշ է:
Այս անգամ ինձ ոչ-ոք չարգելեց, բայց ես ենթագիտակցորեն մտածելով, որ չի՛ կարելի, շարունակեցի ճանապարհս, որը մանկությունից տանում էր պատանեկություն: Կրկին այդ ձայնը.
-Հաջորդ կայարանը…
Անունն ինձ ոչինչ չէր ասում, և ես առանձնակի ուշադրություն չդարձրեցի ու շարունակեցի խորհել: Իմ հաջորդ կայարանը պատանեկությունն էր` իր խենթություններով ու հիմար երազանքներով: Հիշեցի իմ կանաչ-կարմիր հեքիաթը, որը հյուսել էի մտքումս: Այն պարունակում էր իմ ապագայի պլաններից կազմված մի համառոտ ամփոփոգիր, որն ինձ հույս էր ներշնչում և տալիս էր վեր ճախրելու թռիչքի թևեր:
Նոր միայն նկատեցի, որ շուրջս կար մարդկային մի հոծ բազմություն, որն ուշադիր աչքերով ինձ էր զննում: Այդ բազմությանն ավելացան նորերը: Դժվար չէր գուշակել, որ կրկին պետք է լսվեր այդ ձայնը, որը դարձել էր արդեն ատելի: Ցանկանում էի գնացքից դուրս գալու պատրվակով փախչել իրականությունից: Եվ ես արագորեն դուրս նետվեցի: Որոշ ժամանակ հանցավորի նման վազում էի փողոցով և մեղավորի նման թաքցնում էի դեմքս մարդկանց աչքերից: Հանկարծ կտրուկ կանգնեցի: Երկար մտորումներից հետո միևնույն է չհասկացա իմ արարքի պատճառը: Գուցե ես չէի ուզում գնալ իմ հաջորդ կայարանը: Իսկ գուցե ցանկանում էի մնալ պատանեկության հատվածում: Չգիտե՛մ: Այդ օրվանից ես սարսափում եմ նստել գնացքները: Միգուցե այդ գնացքները տանեն այնպիսի կայարաններ, որոնք վաղուց է, ինչ չեն գործում:

No comments:

Post a Comment