Tuesday, July 21, 2009

Գարնան ծաղիկներ

Ամեն տարի, ամեն գարուն ես հանդիպում եմ իմ ծառի հետ: Ծառի՞. ո՛չ, երևի այն ավելին է ինձ համար. ընկեր, մտերիմ, խորհրդատու, երբեմն խենթ ու քմահաճ, իսկ հաճախ` հանգիստ, բարի:
Թվում է, թե վաղուց է սկսվել մեր մտերմությունը: Երբեմն նույնիսկ չեմ էլ փորձում ակունքը գտնել:
Ե՞րբ էր` առաջին անգամ տեսա նրան: Ցրված քայլում էի փողոցով, շուրջս աղմուկ էր, բարձրահարկ շենքերը տաքություն էին արտաշնչում, եռում էր ասֆալտը:
Լավ հիշում եմ… Տուն էի շտապում, այնքան հոգնել էի: Ու հանկարծ… Ես գնում եմ ցրված, անտրամադիր, չեմ ժպտում բոլորովին, և առիթ էլ չկար… Թեթևասահ ինձ ընդառաջ է գալիս մի զարմանալի գեղեցկություն` ամոթխած աղջկա պես շիկնած ու նրբագեղ: Ծաղկած ծառերի շատ եմ հանդիպել, ապշել ծաղիկների արտասովոր նրբության, գույն ու ձևի ներդաշնակության վրա, բայց սա ուրիշ էր, սա տրամադրություն էր, երգ, որ կախարդում է, կաշկանդում հույզերդ և նպատակներիդ ուղղություն տալիս:
Դա իմ հայտնագործած հրաշքն էր: Կանգնել էի ծառի տակ ու այտերիս զգում էի նուրբ վարդագույն թերթերի համբույրը:
Փոխվել էր ամեն ինչ… Ես մոռացել էի շենքերի տաղտուկը, խեղդող տապը: Նույնիսկ հաճելի հով էի զգում, որը զգուշությամբ ծաղիկներից թերթեր էր թափում, ներկում գետինը բաց վարդագույնով: Թափվում էին ծաղկաթերթերը, բայց ծառը կարծես ավելի էր հարստանում, գեղեցկանում:
Ու ես մտածեցի… Երջանի՛կ ծառ, բնությունից ժառանգած գեղեցկությունդ ու հմայքդ շռայլորեն տալիս ես շրջապատիդ ու շարունակում ապրել նույն հարուստ ու շռայլ կյանքով: Եվ ինչքան բան ունենք սովորելու քեզնից. չէ՞ որ յուրաքանչյուրս այս կյանքին պետք է տանք այն, ինչ կարող ենք, բայց չպետք է սպառվենք, պիտի ապրենք քո պես` լիարյուն ու լիարժեք:

1 comment: